26 սեպտեմբերի 2024 - 10:30 AMT
Փաշինյան․ Առաջարկել ենք ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում կայանալիք COP29-ը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ:

«Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,–ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ համաշխարհային անվտանգության ճգնաժամը խարխլել է բազմակողմ համակարգը։

«Մենք շարունակում ենք ականատես լինել հակամարտությունների և ճգնաժամերի աճող թվին, որոնք ծանր ազդեցություն են ունենում խաղաղ բնակչության վրա, ներառյալ ամենախոցելիների: Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմակայի այնպիսի իրավիճակներ ստեղծելու փորձերին, երբ միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը, ագրեսիայի գործողությունները, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները նորմալ են համարվում։

Քանի որ այսօրվա քննարկման թեման «Առաջնորդություն հանուն խաղաղության» է, ես ուզում եմ կիսել իմ համոզմունքը, որ խաղաղությունը պահանջում է առաջնորդություն և անկեղծ քաղաքական քաջություն: Ես և իմ գլխավորած Կառավարությունը հանձնառու ենք մեր տարածաշրջանում հակամարտության էջը փակելուն և ներկա դինամիկան փոխակերպելու համագործակցության՝ հանուն բարգավաճման, կայունության և խաղաղության։ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար»,–ասել է նա։

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նպատակ ունի բացել տարածաշրջանի տնտեսական ներուժը և ամրապնդել տնտեսական և մշակութային կապերը՝ դրանով իսկ նպաստելով քաղաքական երկխոսությանը և համապարփակ խաղաղության ձեռքբերմանը՝ ի շահ բոլոր ժողովուրդների։

«Մենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը՝ մեր սահմանազատման հանձնաժողովների միջև կանոնակարգի հիման վրա` հիմք ընդունելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը: Միավորված ազգերի կազմակերպության ուժեղ և միանշանակ աջակցությունը Հայաստանի ջանքերին միտված տարածաշրջանում արդար և երկարատև խաղաղությանը չափազանց կարևոր է»,–ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։