26 սեպտեմբերի 2024 - 16:20 AMT
Կոբախիձե․ Վրաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին տարածաշրջանային գործակցության ձևաչափ տրամադրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթում ողջունել է խաղաղության հաստատման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև և հայտարարել, որ Վրաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին տարածաշրջանային համագործակցության ձևաչափ տրամադրել։

«Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության նման ձևաչափ տրամադրել, որը կնպաստի երկրների միջև համագործակցությանը և վստահությանը՝ հետևում թողնելով տարաձայնությունները և օգտագործելով բոլոր ռեսուրսներն ու առավելությունները, որոնք կարող է առաջարկել մեր տարածաշրջանն աշխարհին»,- ասել է նա, հայտնում է 1tv.ge–ն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ։ Նա Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ է ունենալու նաև ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Նյու Յորք է մեկնել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդես կգա ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։