27 սեպտեմբերի 2024 - 10:24 AMT
ԱԳՆ–ն՝ Միրզոյան–Բլինքեն– Բայրամով հանդիպման մասին․ Կողմերը համաձայնել են լրացուցիչ ջանալ` սեղմ ժամկետում ստորագրելու պայամանագիրը

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ, հայտնում է ԱԳՆ–ն։

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։