Չորս տարի առաջ այս օրը սկսվեց Ղարաբաղյան երկրորդ՝ 44–օրյա պատերազմը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններ սանձազերծեց Թուրքիայի աջակցությամբ և լայնածավալ ագրեսիա սկսեց շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ՝ հրթիռակոծելով նաև խաղաղ բնակավայրերը։
Երկու կողմը հազարավոր զոհեր և վիրավորներ ունեցան: Ըստ պաշտոնական տվյալների՝ 44-օրյա պատերազմում հայկական կողմը տվել է 3830 զոհ։
Ադրբեջանին հաջողվեց գրավել Արցախի Հադրութի շրջանը, Շուշին, Ղարաբաղին հարակից՝ հայկական վերահսկողության տակ գտնվող հարավային շրջանները:
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրությամբ, որով Ադրբեջանին անցան Քարվաճառի շրջանը, Ակնայի շրջանը, Լաչինի շրջանը՝ բացառությամբ Լաչինի միջանցքի, Հադրութի շրջանի մի քանի շրջաններ, Ասկերանի և Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր։ Ռուս խաղաղապահներ տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով:
4 տարի անց էլ հայկական կողմը դեռ գերիներ ունի Բաքվի բանտերում, որոնց 2023–ին միացան նաև Արցախի հայաթափման արդյունքում գերեվարված ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։