27 սեպտեմբերի 2024 - 11:12 AMT
ՍԴ–ն ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան

ՍԴ–ն ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխան։

Սահմանադրական դատարանը հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը։

«…Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշել է.

1. 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապա­տաս­խանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից», ասվում է որոշման մեջ։

Օգոստոսի 30-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Կանոնակարգը 7 հոդվածից է բաղկացած, որոնք հիմնականում վերաբերում են սահմանազատման տեխնիկական հարցերին։

Ըստ կանոնակարգի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա, սակայն, նշվում է, որ հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, գործընթացը կարող է այլ սկզբունքներով ընթանալ։