27 սեպտեմբերի 2024 - 15:49 AMT
ARARAT թանգարանը ներդնում է հետադարձ կապի ևս մեկ գործիք

ARARAT թանգարանը մշտապես կարևորել է իր յուրաքանչյուր այցելուի կարծիքը՝ այն համարելով թանգարանի զարգացման երաշխիքներից մեկը։ Շարունակական զարգացման գաղափարին հետևելով՝ ARARAT թանգարանը ներդնում է սպառողների հետ հետադարձ կապի ևս մեկ գործիք՝ Fast Review համակարգը։

Այն գործածվելու է հոկտեմբերից։ Համակարգի հիմնական նպատակն է թանգարանի և այցելուի միջև ուղիղ և անմիջական կապի հաստատման ևս մեկ հարթակ ապահովել։ Այն հնարավորություն կտա այցելուներին մեկ հպումով կիսվել այցի տպավորություններով, ինչպես նաև թողնել մեկնաբանություններ սեփական փորձառության մասին։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք լինում, թե որքան արագ է փոխվում մեր այցելուների «դիմագիծը»։ Ճամփորդել սիրող այցելուի առաջ անդադար բացվում են նոր հնարավորություններ, որն էլ ժամանակակից սպառողին դարձնում է առավել պահանջատեր։ ARARAT թանգարանը միշտ ականջալուր է եղել իր այցելուների բազմաթիվ կարծիքներին, բարելավման խորհուրդներին և, ինչու ոչ, հաճելի խոսքերին։ Այսպիսով, որոշեցինք ներդնել Fast Review համակարգը, որը խնայելով այցելուի ժամանակը, վերջինիս թույլ կտա կիսվել տպավորություններով, կարծիքներով, ինչպես նաև առաջարկներով», - նշել է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը լինելով Երևանի ամենաշատ այցելուներ գրանցող թանգարաններից մեկը, հանդիսանում է նաև Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ: ARARAT թանգարանը տարիներ շարունակ գրավել է միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունը՝ երկու տարի անընդմեջ ստանալով «World Travel Awards» մրցանակը։