Կոստանյան. Փաշինյանն ու Էրդողանը «միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն» են ցուցաբերել![]() 30 սեպտեմբերի 2024 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո Anadolu գործակալությանն ասել է, որ երկու առաջնորդն էլ «միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն» են ցուցաբերել։ «Մենք ուրախ ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով, բայց հավատում ենք, որ շատ ավելին կարելի է անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- ասել է Վահան Կոստանյանը, հայտնում է Factor.am-ը։ Կոստանյանը մատնանշել է նախկին պայմանավորվածություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար, որը ձեռք էր բերվել 2022 թվականի հուլիսին Վիեննայում հարաբերությունների կարգավորման բանակցությունների չորրորդ փուլի ընթացքում: «Մենք վերահաստատել ենք, որ Հայաստանը պատրաստ է։ Մենք կատարել ենք բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքային և տեխնիկական աշխատանքների նախապատրաստումը և պատրաստ ենք անցնել համաձայնագրի իրականացմանը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։ Նա լավատեսություն է հայտնել ապագա գործակցության վերաբերյալ, մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հարցում, որը «տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ավելի լայն տարածաշրջանին»։ «Մենք գիտենք, որ լոգիստիկ շղթաներից շատերը ներկայում արգելափակված են կամ պատշաճ կերպով չեն գործում, և Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ դեպի Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Շատ ավելին կարելի է անել, և դա կարելի է անել ավելի արագ։ Եվ ուղերձը, որ մենք միշտ փորձում ենք փոխանցել մեր տարբեր թուրք գործընկերներին, այն է, որ գործելու ժամանակը հիմա է: Լրացուցիչ ժամանակ բաց թողնելու կարիք չունենք»,- ընդգծել է Կոստանյանը։ Անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստին պետության ճանաչմանը՝ Կոստանյանն ասել է, որ Պաղեստինը ճանաչելու որոշումը համահունչ է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետությունների սկզբունքով լուծելուն Հայաստանի երկարամյա աջակցությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով։ «Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված», - ասել է Էրդողանը՝ նշելով, որ Երևանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |