Երևանում բացվել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

Երևանում բացվել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

PanARMENIAN.Net - Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում, բացվել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ։ Այն նախաձեռնել և իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

Բացման արարողությանը հաջորդել է մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:

Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն, անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով, կարողացավ նոր կյանք սկսել Ամերիկայում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ և բարերար: Նրա պատմությունը խորապես հուզել էր Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին և Ռուբեն Վարդանյանին, որոնք 2015 թ. որոշեցին ի պատիվ նրա անվանակոչել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվեց՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների:

Հուշակոթող-քանդակը հարգանքի տուրք է նաև 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն սրբադասված նահատակներին: Հուշարձանին ի պահ է տրված Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող և Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։

«Որպես հայ՝ ինձ համար մեծ նշանակություն ունի այս հուշակոթող-քանդակը։ Այն արտահայտում է մեր երախտագիտությունն Ավրորա Մարդիգանյանին և մեր ուրախությունը, որ նա վերջապես տուն վերադարձավ։ Հուշակոթող-քանդակը նաև մեր հարատև հիշողության և հարգանքի խորհրդանիշն է: Ես խորապես հավատում եմ, որ մենք պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի առաջ՝ փոխանցելու նրանց համամարդկային արժեքներ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է մեծագույն մարտահրավերների առաջ»,- ասել է թատերագետ և երգահան Մարինե Ալեսը, որը՝ որպես «Ավրորայի» Ստեղծագործական խորհրդի նախագահ, իր առաջնորդությամբ և տեսլականով օգնել է կյանքի կոչել այս գաղափարը:

Երկկողմանի հուշակոթող-քանդակի հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Այն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը՝ նրա անցած ճանապարհը Ցեղասպանության վայրագությունների միջով և փրկությունն ԱՄՆ-ում: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին. նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է՝ որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը պատմեց աշխարհին՝ սերունդների համար դառնալով խիզախումի և վերապրումի մարմնացում: Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջև հեռավորությունը թույլ է տալիս, որ լույսի և ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը:

«Այս քանդակի ստեղծումը բարդ և միաժամանակ խորապես ոգեշնչող մարտահրավեր էր, ուստի ինձ համար և խոնարհում, և պատիվ է ներկայացնել այն այսօր։ Նվիրված լինելով սքանչելի Ավրորա Մարդիգանյանին՝ այս հուշարձանը նշանակալիորեն համալրում է Երևանի մարդասիրական պատկերը՝ որպես խիզախության, փրկության և հարատև հույսի վկայություն: Ես հավերժ երախտապարտ եմ այս ոգեշնչող նախագծի մասնակիցը լինելու համար»,- ասել է հուշակոթող-քանդակի հեղինակ Վիգեն Ավետիսը:

Հուշակոթող-քանդակը հանդիսավոր բացել են Վերոնիկա Զոնաբենդը և Աննա Աֆեյանը` միանալով «Ավրորայի»՝ մարդասիրության և երախտագիտության կոչին: Միջոցառմանը ելույթ է ունեցել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ։

Հատուկ այս առիթով Մատենադարանից դուրս է բերվել XXI դարում այնտեղ ստեղծված առաջին՝ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրության է ներկայացվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը նվիրված այս յուրօրինակ ձեռագրի վերջին էջը՝ նորաբաց հուշակոթող-քանդակի պատկերով: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչև 2024 թ. հոկտեմբերի 7-ը:

Ի թիվս այլ հարգարժան հյուրերի՝ բացման արարաղությանը ներկա էին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր և Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամներ Աննա Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանն ու Արման Ջիլավյանը, Երևանի քաղաքապետարանի, Կրթության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչներ:

Հայտնի բժիշկ, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց և բարերար Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ և 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության և մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում և կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ և հետո:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---