ԲԴԽ․ Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական տալ

ԲԴԽ․ Կարեն Անդրեասյանը մտադիր չէ հրաժարական տալ

PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացնելու որևէ մտադրություն չունի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԴԽ խոսնակ Մերի Գևորգյանը։

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում եմ հետևյալը․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ:

Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու:

Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման սահմանադրական ժամկետի ավարտը՝ 2027 թվականի հոկտեմբերի 6-ը»,– գրել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Անդրադառնալով Մինասյանի հրաժարականին՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այն համոզմանն է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ, հայտնում է Արմենպրեսը։

Անդրադառնալով Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելու հարցով իշխող խմբակցության պատգամավորների սկսած ստորագրահավաքին՝ Դավոյանն ասել է, որ պատգամավորները կատարել են իրենց վերահսկողական գործառույթը և որ նրա պաշտոնավարման հետ կապված իրենց մտահոգությունները 1-2 օրում չեն ի հայտ եկել:

ՔՊ–ական պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել Մինասյանին պաշտոնանկ անելու համար վարչապետին դիմում ներկայացնելու օգտին։

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի գրառմանը, ասել է, թե վերջինս շատ վտանգավոր բան է ասել՝ պետք է գա ու բացատրություն տա։

Մինասյանը փոխնախարար էր նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին։ Սոցցանցերում վերջերս լուսանկար էր շրջանառվում, որտեղ նրա ձեռքում Քոչարյանի գիրքն է։ Բարձարցած աղմուկից հետո Գևորգյանը հրաժարական է տվել։ Արձագանքելով դրան՝ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, իսկ «պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը
---