2 հոկտեմբերի 2024 - 11:54 AMT
ՔՊ–ն մերժել է Արցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության օրանագիծը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկել խորհրդարական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությանը՝ բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողով չի գործի։

Մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է իշխող մեծամասնության դիրքորոշումը։ Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը և կառավարող խմբակցությունն առաջին իսկ օրվանից բազմաթիվ ծրագրեր են իրականացրել, մի շարք օրենսդրական կարգավորումներ ներդրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսագործունեության պայմանների ապահովման, սոցիալական աջակցության, բնակարանային ապահովության և մի շարք այլ ծրագրերի ուղղությամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մենք կարծում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն իր պատգամավորական գործառույթների շրջանակներում օժտված է բոլոր լիազորություններով և լծակներով, որ անի հարցադրումներ, փորձի գտնել այն բոլոր փաստերը կամ տեղեկությունները, որոնք մտահոգում են այս գործընթացների հետ կապված»,- նշել է Կոնջորյանը։

Նա հավելել է, որ պատրաստ են տարբեր ձևաչափերով աշխատել և համագործակցել ընդդիմության հետ, սակայն, ըստ Կոնջորյանի, ընդդիմությունը երեկ չկարողացավ փաստարկված հիմնավորում ներկայացնել, թե ինչու են ցանկանում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց քննիչ հանձնաժողովով։

Իր հերթին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իշխող մեծամասնության կողմից սա փորձ է հրաժարվելու սահմանադրական պարտականությունների կատարումից։

«Ուզում եմ հիշեցնել, որ քննիչ հանձնաժողովի կարևոր առաքելություններից մեկը հենց պառլամենտի վերահսկողական գործառույթի ներկայացումն է»,- նշել է Մինասյանը՝ հավելելով, որ հսկայական միջոցներ են հատկացվում Արցախի ժողովրդի կենսապայմանների բարելավման համար։ Խորհրդարանը պարտավոր է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, որի կարևոր առաքելություններից մեկը հենց սա պետք է լիներ։

20 րոպե ընդմիջում հայտարարվեց, որից հետո 28 կողմ, 56 դեմ ձայներով մերժվեց «Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության պայմաններն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը։

Սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Արցախի Հանրապետության ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։ Սակայն ստացվում է, որ իրավունքի ուժով հանձնաժողով կա, նախագահն էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է, սակայն հանձնաժողովն անդամներ չունի, հետևաբար չի կարող գործել։