2 հոկտեմբերի 2024 - 12:55 AMT
Երևանը՝ «Պաշտպանված սրտի քաղաք». Փոքր կենտրոնում կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ

Երևանն այսուհետ կլինի «Պաշտպանված սրտի քաղաք»։ Համայնքը, "ՀԵՆԱՐ" և Philips Foundation հիմնադրամների հետ գործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, որը բարելավելու է շտապ բժշկական օգնության արձագանքումը և բարձրացնելու է սրտի հանկարծակի կանգից փրկվելու հավանականությունը։

Երևանի փոքր կենտրոնում կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ)։

Նախաձեռնությունը ներառելու է կրթական ծրագրեր, որոնք ուղղված են սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) մասին իրազեկվածության բարձրացմանը և կամավորների համար դասընթացների հասանելիության ապահովմանը: Ծրագիրը նաև կներառի նոր տեխնոլոգիաներ՝ «վերակենդանացման շղթան» ուժեղացնելու համար:

Նորարարական մոտեցումը կարող է բարձրացնել փրկվելու մակարդակը ներկայիս 5%-ից մինչև ակնկալվող 30% և ավելին:

Երևանի՝ Պաշտպանված սրտի քաղաք դառնալը նշանավորվել է պայմանագրի ստորագրմամբ: Մեկնարկին զուգընթաց հայտարարվել է կամավորների բաց գրանցման մասին: Բոլորը կարող են մասնակցել 4-ժամյա անվճար վերապատրաստման դասընթացներին, որոնք կամավորներին կզինեն սրտային արտակարգ իրավիճակներին արձագանքելու և դեֆիբրիլյատորներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: