2 հոկտեմբերի 2024 - 15:25 AMT
ԱԱԾ-ի հորդորը՝ հանրահավաքի ժամանակ զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու կոչերից

ԱԱԾ-ն հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող «Սրբազան պայքար» շարժման հանրահավաքին ընդառաջ հայտարարություն է տարածել՝ կոչ անելով մասնակիցներին զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու կոչերից։

ԱԱԾ–ն նախազգուշացրել է, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և իրեն վերապահված ամբողջ գործիքակազմի կիրառմամբ «ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները»:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ելնելով ՀՀ սահմանադրական կարգը պահպանելու, անձի կամ կազմակերպության իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը կամ հասարակության կամ պետության օրինական շահերը պաշտպանելու առաքելությունից, հորդորում է ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին 2024 թվականի հոկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքի ընթացքում զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց»,–ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, վերահաստատելով, որ ՀՀ սահմանադրական կարգին ու պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն հանգեցնելու է համապատասխան քրեաիրավական հետևանքների, ԱԱԾ–ն հավաքի մասնակից քաղաքացիներին հորդորում է դրսևորել իրավահպատակ վարքագիծ և չտրվել սադրիչ գործողությունների։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը համակիրներին հանրահավաքի է հրավիրել 18․30-ին՝ Հանրապետության հրապարակում։ Հանրահավաքին ընդառաջ իր կոչում Բագրատ սրբազանն ասել էր, որ մտնում ենք հաղթանակի հույսի փուլ՝ հետևողական, աննահանջ, համառ և համբերատար պայքարի փուլ։ «Պետության համար օրհասական այս օրերին պարզապես սխալվելու իրավունք չունենք, սա նյարդերի պայքար է։ Վերլուծությունների, մեկնաբանությունների, քննարկումներ ժամանակը վաղուց արդեն սպառված է, եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը»,-նշել էր նա։