Միրզոյան․ Չենք տեսնում Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք

Միրզոյան․ Չենք տեսնում Բաքվի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք

PanARMENIAN.Net - Հայաստանը չի տեսնում Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը ստորագրելու քաղաքական կամք։ Այդ մասին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը հետագա ռազմական պլաններ ունի Հայաստանի ու ՀՀ տարածքների նկատմամբ։ Ես օրինակ կարող եմ բերել, հիմա Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը»,-ասել է Միրզոյանն ու ավելացրել, որ Բաքուն «Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ հասկանում է Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը, հայտնում է Panorama.am-ը։

Միրզոյանի խոսքով, Բաքուն վստահեցնում է, թե դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լրիվ այլ է։

«Ոչ իմ կառավարությունը, ոչ էլ ես չեմ կարող վստահություն հայտնել Ադրբեջանի խաղաղ նպատակների մասին»,-ասել է ԱԳ նախարարը։

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան»։ «Ղարաբաղցիները, ովքեր երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»,–ասել է նա։

 Ուշագրավ
---