4 հոկտեմբերի 2024 - 14:23 AMT
Բորտնիկով․ ՆԱՏՕ–ն ուզում է զենքի արտոնյալ մատակարարումների դիմաց հասնել նրան, որ ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ–ից

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ԱՊՀ Անվտանգության մարմինների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ ՆԱՏՕ–ն ցանկանում է իր զորակազմը տեղակայել Անդրկովկասում խաղաղապահների տեսքով՝ «իբր Երևանին և Բաքվին հարաբերությունները կարգավորելու հարցում օգնելու նպատակով»։

Նա հավելել է, որ ամերիկացիներն ու եվրոպացիներն, ակնհայտորեն, շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ, գրում է ՏԱՍՍ–ը։

«Դրդելով Երևանին ձգձգել բանակցությունները Բաքվի հետ՝ Արևմուտքը փորձում է գլխավորել հայ–ադրբեջանական կարգավորումը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» զորակազմի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ–ի հովանու ներքո, իսկ դե ֆակտօ՝ ՄԱՏՕ–ի»,–ասել է Բորտնիկովը։

Ըստ նրա, նման խաղաղարարության հնարավոր բնույթը բացահայտում է արդեն այն, որ «ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղակայված այսպես կոչված ԵՄ անկախ քաղաքացիական առաքելությունը հետախուզական գործունեություն է ծավալwum՝ ի շահ ՆԱՏՕ–ի կոնկրետ երկրի ՌԴ և գործընկերների դեմ»։

Ըստ նրա, Արևմուտքը, «սպառազինության արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց ուզում է հասնել նրան, որ ՀՀ–ն դուրս գա ՀԱՊԿ–ից, ինչը Երևանին էլ ավելի մեծ կախվածության մեջ կդնի ՆԱՏՕ–ից՝ Բավքի հետ իր հետագա հարաբերությունների հարցում»։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում Անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։