Մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղևորության վճարման համար նախատեսված ժետոններից և անցում կկատարի վճարման միասնական համակարգին։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նա տեղեկացրել է, որ անցնող շաբաթվա ընթացքում միասնական վճարային համակարգով անցել է 341,589 ուղևոր, հայտնում է Aysor.am-ը։
«Յուրաքանչյուր կայարանում ունենք 1 անցակետ, որն աշխատում էր ժետոնով։ Դրանք փոխարինվելու են և մինչև ամսվա վերջ ժետոնը լրիվ կվերանա, կանցնենք միասնական վճարման համակարգին»,-ասել է Սեդրակյանը։
Միասնական տոմսային համակարգը ուժի մեջ պետք է մտներ սեպտեմբերի 1–ից, սակայն հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխել նոյեմբերի 1, սակայն, ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի 2025–ի հունվարի 1–ից։