ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալայնն, անդրադառնալոբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի ևս մեկ անդրադարձին Հայաստանի կողմից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, որն անվանվել է զանգվածային միլիտարիզացիա, նշել է, որ եթե համեմատենք ՀՀ և Ադրբեջանի ռազմական ծախսերը, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում:
Նա նաև նշել է, որ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը, հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համա։
«Եթե համեմատենք Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը թե բացարձակ թվերով, թե՛ համաչափությամբ, թե՛ ձեռք բերվող սպառազինությունների տեսակներով, կտեսնենք, թե ով է զանգվածային միլիտարիզացիա իրականացնում: Ընդհակառակը, ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե չի պատրաստվում միայն բանակի վրա հիմնված անվտանգության հայեցակարգ որդեգրել, և անվտանգության իր հայեցակարգի կարևոր մասն է համարում հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, խաղաղության հաստատումը տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե իրենց հիմնական անելիքը ռազմական կարողությունների հզորացումն է:
Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանը բազմիցս Ադրբեջանին առաջարկել է և հիմա էլ առաջարկում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմներ ստեղծել, և Ադրբեջանն այդ առաջարկը թողնում է անարձագանք՝ ավելի ու ավելի ագրեսիվ հռետորաբանություն որդեգրելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Վերահաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը բացի հնարավոր ագրեսիաներից պաշտպանվելը, այլ, այսինքն՝ հարձակողական օրակարգ չունի: Մինչդեռ, Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությանն ուղղված գրեթե ամենօրյա սպառնալիքներով՛,–ասվում է մեկնաբանության մեջ։
Բադալյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի այն հայտարարությանը, թե Հայաստանը համաշխարհային առաջնորդներին ուղղված քարոզչություն է տանում՝ նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին չմասնակցելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ հոկտեմբերի 4-ի հայկական կողմի մեկնաբանության մեջ բարձրացված հարցերին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը որևէ կերպ չի արձագանքել:
«Այդ հարցերը հետևյալն էին. արդյո՞ք Ադրբեջանը ագրեսիա է նախապատրաստում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, արդյո՞ք հրաժարվում է ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք հրաժարվում է խաղաղության օրակարգից: Պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, համաձայնեցված հոդվածները ներառող Խաղաղության պայմանագիր ստորագրելու առաջարկները մերժելը հայաստանյան և միջազգային շատ փորձագետների ստիպում են եզրակացնել, որ Ադրբեջանը COP-29-ն օգտագործելու է իր կողմից իրադրությունն առաջիկայում էսկալացնելու լեգիտիմության ծխածածկույթ ստեղծելու համար: Նման վերլուծությունների թիվն ընդ որում, գնալով շատանում է:
Շատ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ նման հեռանկարը բացառելու համար անհրաժեշտ է COP-29-ից առաջ ստորագրել Խաղաղության պայմանագրի համաձայնեցված բովանդակությունը, այլապես առանց դրա Բաքու մեկնող առաջնորդները կարող են ակամա դառնալ պատերազմի հրձիգներ: Հայաստանն էլ իր հերթին ասում է, որ պատրաստ է մինչև COP-29 խաղաղության պայմանագիր ստորագրելու տրամաբանությանը: Ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել է COP-29-ը Բաքվում անցկացնելու որոշումը՝ որպես կողմերի միջև վստահության և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործիք, և չէինք ցանկանա, որ այն հակառակ նպատակով օգտագործվեր»,–ասվում է ՀՀ ԱԳՆ մեկնաբանության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը մեկ անգամ ևս կրկնել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը:
Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։