7 հոկտեմբերի 2024 - 16:33 AMT
«Դոմուսում» հրդեհից առաջ պայթյուն չի եղել. Ավելի քան 2 ժամ անց կրակը մարվել է

Երևանի Իսակովի պողոտայում «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհից առաջ պայթյուն տեղի չի ունեցել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է դեպքի վայրում աշխատանքները համակարգող, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։

Դեպքի վայրում աշխատում է Փրկարար ծառայության 17 հաշվարկ, 5 օպերատիվ մեքենա, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 5 ջրատար մեքենա։ Ավելի քան 2 ժամ անց այն հնարավոր է եղել մեկուսացնել, ապա` մարել, հայտնում է Sputnik Արմենիան։

Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ բարեբախտաբար տուժածներ չկան։

Այրվել է կահույք, տեխնիկա, շինանյութ։

«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։ Ըստ աշխատակիցների` հրդեհն առաջացել է էլեկտրական հոսանքից, պահեստային հատվածում հոսանքազրկում է եղել, հետո է հրդեհը բռնկվել։ Խանութում փորձել են իրենց միջոցներով հրդեհը հանգցնել, հետո են ահազանգել Փրկարար ծառայություն»,– նշել է ՆԳՆ ՓԾ տնօրենը։

Ցուցուլյանը շեշտել է, որ մինչ իրենց դեպքի վայր ժամանելն աշխատակիցներն ու այցելուներն ինքնուրույն դուրս են եկել շենքից։

Նրա խոսքով`հիպերմարկետի տանիքին արևային համակարգ է տեղադրված եղել, դրա համար հրդեհն արագ է տարածվել, իսկ հրդեհաշիջումը դժվարացել է։ Ներկայում տարածքում հետհրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում` հովացման, տարածքի մաքրման։

Ցուցուլյանը վստահեցրել է` տուժածներ չկան, վտանգ էլ այս պահին արդեն չկա։

Հրդեհի մասին ահազանգը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել է հոկտեմբերևի 7-ին, ժամը 12։57-ին։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։ Հրդեհը տարածվել է ոչ միայն «Դոմուսի» պահեստի հատվածում, այլև խանութի։