ԱԳՆ խոսնակ. ՀՀ–ն չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի 2 համատեղ հայտարարության

ԱԳՆ խոսնակ. ՀՀ–ն չի միացել ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի 2 համատեղ հայտարարության

PanARMENIAN.Net - ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հոկտեմբերի 7-ի նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցման, հայտնում է Արմենպրեսը։

Ավելի վաղ՝ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին», որում խորհուրդ են տալիս երկրներին զերծ մնալ դրանք ընդունելուց, տարածելուց և կիրառելուց։

Բացի այդ՝ ըստ կոմիտեի կայքում տարածված մեկ այլ հաղորդագրության, ընդունվել է ևս մեկ հայտարարություն «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» մասին։

ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին:

 Ուշագրավ
---