Հայաստանում WCIT 2024-ի փակման արարողության ժամանակ SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հատուկ ուղերձով է հանդես եկել։ Նա նշել է, որ ուրախ կլինի Հայաստանի հետ նախագծեր իրականացնել, այդ թվում գործարկել Starlink արբանյակային ինտերնետն ու համագործակցել հայկական հայթեք ընկերությունների հետ տիեզերքի և արհեստական բանականության ոլորտում։
Մասկի գրավոր ողջույնի ուղերձն ընթերցել է ամերիկահայ գործարար Ռազմիկ Հովակիմյանը, «Լիոնել Մեսի» հիմնադրամի (Lionel Messi Foundation) մենեջերը, հայտնում է «Փաստինֆոն»։
Մասկն ափսոսանք է հայտնել, որ անձամբ չի կարողացել գալ Երևան` խոստանալով անել դա հաջորդ հարմար առիթի դեպքում։
Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2024) Հայաստանում է անցել արդեն երկրորդ անգամ։ Եռօրյա համաժողովի առանցքում էին քննարկումներ արհեստական բանականության և տարբեր ճյուղերում դրա կիրառության վերաբերյալ՝ կրթությունից մինչև տիեզերական տեխնոլոգիաներ: