8 հոկտեմբերի 2024 - 11:10 AMT
Դոմինգոն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին: Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ավինյանը երաժշտարվեստի աշխարհահռչակ գործչին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ճանաչված արտիստը հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես է գալու համերգով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել նշանավոր արտիստին՝ ընձեռած բացառիկ հնարավորության համար:

Դոմինգոն ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուար Թոփչյանի ղեկավարությամբ, Արամ խաչատրյան համերգասրահում: Այս բացառիկ երեկոյի ընթացքում մեծն Դոմինգոյի կողքին հանդես կգա հայազգի սոպրանո, Operalia 2022 համաշխարհային մրցույթի (Operalia 2022 World Opera Competition) առաջին մրցանակակիր Ջուլիանա Գրիգորյանը:

Համերգին կհնչեն արիաներ, դուետներ և նախերգանքներ հայտնի օպերաներից, սարսուելաներից, ինչպես նաև սիրված համաշխարհային մեղեդիներ: