Մարագոս. Մատենադարանը տուն է ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար

Մարագոս. Մատենադարանը տուն է ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիսի Մարագոսը Մատենադարանում մեկնարկած «Հիշողության կերպարանքները» 13-րդ միջազգային ամենամյա գիտագործնական եռօրյա սեմինարի ժամանակ ունեցած ելույթում ասել է, որ Մատենադարանը տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար։

Նա նշել է, որ մշակութային ժառանգությունը մարդկության հիշողության մեջ պահելու և հաջորդ սերունդներին փոխանցելու գործում չափազանց արժեքավոր է ձեռագիր և տպագիր ժառանգության նշանակությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօրվա սեմինարի դերը ոչ միայն նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու հարթակ է, այլև քննարկելու՝ թե ինչ անել հիմա, որպեսզի առավել գրավիչ դարձնենք ձեռագիր և տպագիր ժառանգության ոլորտը երիտասարդների, ինչպես նաև հետազոտողների և վերականգնողների հաջորդ սերնդի համար: Մատենադարանն աշխարհում այն ուրույն հաստատությունն է, որտեղ պահվում են ձեռագրերի հարուստ հավաքածուներ և կուռ փորձագիտական ներուժ։ Այն տուն է դարձել ոչ միայն հայկական, այլև համամարդկային ժառանգության նմուշների համար, քանի որ մշակույթն ու մշակութային ժառանգությունը մարդկության գանձերն են, որոնց սահմաններն ազգային պատկանելությունից անդին են»,- ասել է Մարագոսը:

ՀՀ-ում ԵՄ դեսպանը հավելել է, որ Եվրոպական միությունն իր «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերել Մատենադարանին և կշարունակի համագործակցել այս կարևոր կառույցի հետ՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված կայուն ջանքերը, որի կենսական բաղադրիչն, անշուշտ, տպագիր ժառանգությունն է։ Մարագոսի հավաստմամբ՝ ԵՄ-ի համար պատիվ է որպես գործընկեր համագործակցել աշխարհի տարբեր անկյուններից ոլորտի առաջատար փորձագետներ համախմբող այս կարևոր սեմինարի հետ։

«Եվրոպական միությունն աջակցում է հայկական մշակույթին՝ խթանելով ԵՄ անդամ պետությունների հետ սերտ համագործակցությունն, այդ թվում՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի և այլ թիրախային ծրագրերի միջոցով։ Եվրոպական միության ներսում և Հայաստանի հետ հարաբերություններում մենք միավորված ենք բազմազանության մեջ և ուրախ ենք առաջնահերթություն տալ մշակութային ոլորտում համագործակցությանը՝ որպես սոցիալական և տնտեսական կյանքի կարևոր ուղղության, այդ թվում՝ ցուցաբերելով աջակցություն ստեղծագործական արդյունաբերության, մշակութային ժառանգության և մշակութային զբոսաշրջության ոլորտներին։ Գրավոր ժառանգությունն այս առումով եզակի է. ինչպես գիտենք «Սկզբումն էր խոսքը»,- եզրափակել է Մարագոսը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---