Դատախազության մոտ հավաքված «Սրբազան պայքար» շարժման աջակիցների և ոստիկանների միջև իրավիճակը լարվել է՝ լեզվակռիվ է սկսվել, որը վերաճել է քաշքշուկի։
Շարժման աջակիցները բերել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը և փորձում էին ցուցադրել` ինչպես ձերբակալել նրան։ Ոստիկանները խրտվիլակը խլել են և տարել, ինչից հետո իրադրությունը լարվել է, հայտնում է Sputnik Արմենիան։
Սրբազանը ոստիկանությանը կոչ է արել. «Էդքան մի տանջվեք, տղե՛րք, էս մարդը ձեզ էլ է հանձնելու, ինչպես հանձնեց Արցախի ձեր գործընկերներին»։
Ցուցարարները նաև Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարներով մետաղադրամներ են նետել ոստիկանների ուղղությամբ։
Լրագրողների հետ զրույցում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է, որ բերման ենթարկվածներ այս պահին չկան։
«Սրբազան պայքար» շարժման անդամներն ու աջակիցները ՀՀ դատախազության շենքի մոտ են եկել երկու պահանջով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել ցեղասպանության, էթնիկ զտմանը հանցակցելու համար, նաև քրեական գործ հարուցել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված, համաձայն որի` ՀՀ Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրի դրույթները ճանաչվեցին ոչ իրավական։
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ապա ստանալով պատասխան, որ իրենց կարող է ընդունել դատախազության ներկայացուցիչ, բայց ոչ գլխավոր դատախազը, մերժել են այդ առաջարկը։