Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վալիևն աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ԵՄ առաքելության տեղակայումը «ՀՀ տարածքում` պայմանական սահմանին սրում է իրավիճակը»։
Նա նաև ասել է, որ Հայաստանի զինումը արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես` Ֆրանսիայի կողմից,» հանգեցրել է Հայաստանում ռևանշիստական ուժերի ակտիվացմանը, խոչընդոտներ ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ գործընթացի համար՝ սրելով իրավիճակը Հարավային Կովկասում», գրում է APA-ն։
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։
Հոկտեմբերի 8–ին ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։