9 հոկտեմբերի 2024 - 18:17 AMT
FT. Աշխարհի առաջատար բանկերի, ֆինհաստատությունների ղեկավարներ չեն մասնակցի Բաքվում կայանալիք COP29-ին

Bank of America-ի, BlackRock-ի, Standard Chartered-ի և Deutsche Bank-ի ղեկավարներն այն հայտնի ֆինանսիստներից են, որոնք, ըստ կանխատեսման, չեն մասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի COP29 կլիմայական գագաթնաժողովը, քանի որ բիզնեսի ակնկալիքները նվազել են կլիմայի վերաբերյալ աշխարհի ամենակարևոր բանակցություններից, գրում է Financial Times-ը։

Նոյեմբերին Բաքվում կայանալիք երկշաբաթյա գագաթնաժողովը կազմակերպիչներն անվանել են «COP ֆինանսական համաժողով», որտեղ մոտ 200 երկիր քննարկելու է նոր համաշխարհային ֆինանսական նպատակը՝ աջակցելու զարգացող երկրներին, որոնք տառապում են կլիմայի փոփոխության ազդեցությունից: Մի շարք առաջատար բանկերի, ակտիվների կառավարման և ապահովագրական ընկերությունների ղեկավարներ բացակայելու են միջոցառումից, որը տեղի է ունենալու ԱՄՆ նախագահական ընտրություններից ընդամենը հինգ օր անց՝ անորոշություն ստեղծելով աշխարհի ամենամեծ տնտեսության ղեկավարության վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։

Դոնալդ Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին դուրս բերել Փարիզի համաձայնագրից, եթե հաղթի ընտրություններում, ինչպես դա արել էր 2016 թվականին։ Ֆինանսական ղեկավարները նշել են «դժվար լոգիստիկան» և հաճախորդների հետ կապվելու ավելի քիչ հնարավորությունները, քան անցյալ տարի Դուբայում COP28-ի ժամանակ էր։ Նրանցից մեկն էլ, որը դեռևս մտածում է համաժողովին մասնակցության շուրջ, ասել է․ «Դուք գնում եք խնջույքի միայն այն դեպքում, եթե բոլորը գնում են»:

Ոմանք նաև նշել են, որ մտադիր են հաջորդ տարի մասնակցել Բրազիլիայի COP30-ին՝ պնդելով, որ այս տարին «տեխնիկական COP» է, որն ավելի քիչ հարմար է բիզնեսի համար:

BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկքը, որը մասնակցել է Գլազգոյի և Դուբայի գագաթնաժողովներին, բայց բաց թողել է COP27-ը, հավանաբար, չի մասնակցի COP29-ին, ինչպես նաև Standard Chartered-ի ղեկավար Բիլ Ուինթերսը։ Այս մասին լրատվամիջոցին ասել են նրանց ծրագրերին ծանոթ աղբյուրները։

ING-ի գործադիր տնօրեն Սթիվեն վան Ռայսվեյկը, BofA-ի ղեկավար Բրայան Մոյնիհանը և Deutsche Bank-ի ղեկավար Քրիստիան Սևինգը նույնպես չեն մասնակցելու։ HSBC-ն հայտնել է, որ իր պատվիրակության հարցով դեռ որոշում չկա։ Lloyd’s of London-ի ո՛չ գործադիր տնօրենը, ո՛չ ղեկավարը չեն պատրաստվում մասնակցել COP29-ին, մինչդեռ դրա գործադիր տնօրեն Ջոն Նիլը նախորդ գագաթնաժողովների ականավոր մասնակիցն է եղել:

Միևնույն ժամանակ, գիտնականները, շահույթ չհետապնդող և այլ կազմակերպություններ բողոքում են, որ միջոցառման համար անցագրերն այս տարի դժվար է ստանալ։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից ամենամյա ժողովի հյուրընկալումը քննության է ենթարկվել այն բանից հետո, երբ անցյալ տարի այն ռոտացիոն կարգով ընտրվել է Արևելյան Եվրոպայի երկրների բլոկի կողմից: Նավթային պետությունը, որը մեծապես հենվում է նավթի և գազի արտահանման վրա, քննադատության է ենթարկվել Դուբայում հանածո վառելիքի աստիճանական դադարեցման խոստումը չկատարելու, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում իրավիճակի պատճառով։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։