Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով

PanARMENIAN.Net - Նոյեմբերին ուսուցիչների կամավոր ատեստավորումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով՝ Կառավարությունը փոփոխություններ է կատարել կարգում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ նախարարությունը, վերլուծելով նախորդ տարիների փորձը, եզրակացրել է, որ թղթային տարբերակով իրականացվող կամավոր ատեստավորումը ժամանակի հետ կապված խնդիրներ ու այլ բարդություններ է առաջացնում ուսուցիչներին համար:

Ուսուցիչը, լրացնելով թեստը, այն ավարտելուց հետո կտեսնի իր արձանագրած արդյունքները՝ որքան են ճիշտ կամ սխալ եղել։

«Փոփոխությունների այս առաջարկով ատեստավորման էլեկտրոնային եղանակն ենք ներդնում, ինչը նշանակում է, որ ուսուցիչները կկարողանան ատեստավորմանը մասնակցել ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով: Այս մեխանիզմով կկարողանանք էապես կրճատել ժամանակը, որը ծախսվում էր, օրինակ, առաջադրանքները լուծելու, այնուհետև այդ առաջադրանքների պատասխանները ձևաթղթում անցկացնելու մասով, և այստեղ նաև չէին բացառվում տեխնիկական վրիպակները և անճշտությունները, որոնք գրանցվում էին: Սա ևս մեկ միջոց կլինի խրախուսելու ուսուցիչների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունները»,- ասել է նախարարը։

Հստակեցվել է նաև բողոքարկման ընթացքը, ինչպես նաև այն, թե որ առարկաներից ուսուցիչները կարող են դիմել ատեստավորման:

Անդրեասյանը տեղեկացրել է, որ այս պահին դիմումների ընդունումն ավարտվել է` մոտ 6000 ուսուցիչ է դիմել։ Նախատեսվում է ատեստավորման գործընթացը մեկնարկել նոյեմբերի 9-ից:

Նախարարը կարևորել է՝ էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս, որ յուրաքանչյուր ուսուցչի համար գեներացվի իր թեստը, առաջադրանքները նույնական են, նույն բարդության, սակայն հարցերի հաջորդականությունը տարբեր է լինելու:

«Քանի որ սա առաջին տարին է, կարգում անհնարինության դեպքում թղթային տարբերակը չենք բացառել, սակայն նաև այս տարվա աշխատանքից հետո կհասկանանք՝ ինչքանով է անհրաժեշտ թղթային տարբերակը զուգահեռ պահել»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կամավոր ատեստավորումը փորձնական կարգով մեկնարկել է 2021-ին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---