600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան

600–ով ավելացվել է արտոնյալ պայմաններում էլմեքենաների ներմուծման քվոտան

PanARMENIAN.Net - Կառավարությունը որոշել է 600–ով ավելացվել արտոնյալ պայմաններում էլեկտրական մեքենաների ներմուծման չափաքանակը։ Դա թույլ կտա ապահովել 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել է, որ նախորդ տարիներին երբևէ 8000 էլեկտրամոբիլի քվոտան չի սպառվել։

«Տարիներ են եղել, որ նույնիսկ մի քանի տասնյակ մեքենա է ներմուծվել: Այս տարի մեր քաղաքացիների կողմից աննախադեպ ակտիվություն է եղել, և հոկտեմբերի 1-ի դրությամբ նախատեսված 7400 էլեկտրոմոբիլի քվոտան սպառվել է, ուստի որոշվել է իրացնել 600 հատ ռեզերվը»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում։

«ԵԱՏՄ ֆորմատով սահմանված 8000 քվոտան սպառվելուց հետո, քաղաքացիները, էլեկտրոկան շարժիչով ավտոմեքենա ներմուծելիս, կրկին ավելացված արժեքի հարկ չեն վճարի, բայց կվճարեն մաքսային տուրք: Սա կարևոր նրբություն է, քանի որ նույնիսկ այս քվոտան սպառելուց հետո, էլեկտրական շարժիչով ավտոմոբիլների ներկրման համար արտոնյալ պայմանները չեն վերանում, չեն զրոյանում»,- ասել է վարչապետը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին նշել է, որ այդ առումով գլոբալ իմաստով Հայաստանը ևս մեկ լուրջ արտոնություն ունի. «Մենք այն քիչ երկրների շարքում ենք, որ ուտիլիզացիոն տուրք չենք սահմանում, ինչը բավականին լուրջ խթան է»։

Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ և՛ մայրաքաղաքում, և՛ մայրուղիներում արդեն կան էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների լիցքավորման կետեր այդ թվում՝ բենզալցակայաններում և գազալցակայաններում:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թ. համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---