Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը 2026–ին կանցնի ՀՀ–ում

Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը 2026–ին կանցնի ՀՀ–ում

PanARMENIAN.Net - 2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ Այդ մասին հայտնել են Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։

Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-ից 21 տարեկան պատանիների համար:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է Եվրատեսիլի հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց»,- ասել է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը:

Նա նշել է՝ ուրախ են, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է և անհամբեր սպասում են այս հիանալի միջոցառման շրջանակում համատեղ աշխատանքին։Միջոցառման հետ կապված այլ մանրամասները կհրապարակվեն մրցույթին ընդառաջ։

Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---