30 հոկտեմբերի 2024 - 14:38 AMT
«Գոյի» դերասանները բողոքի ակցիայով դատախազության առջև են

2 օր է «Գոյի» դերասանները գիշերում են թատրոնում։ Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը տեսաուղերձով կոչ էր արել աջակիցներին ժամը 11։00-ին հրավիրել է թատրոնի մոտ՝ նշելով, որ որոշակի գործողություններ, ակցիաներ կան անելու, հայտնում է «Փաստինֆոն»։

Կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միավորվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյի» անձնակազմը դեմ է այդ միավորմանը և կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը բողոքի ակցիայով դատախազության առջև է, հայտնում է Panorama.am-ը։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ոչ թե մեր ցանկությունները կատարվեն, այլ օրենքը գործի։ Մեր պայքարը դրա մասին է։ Իսկ օրենքով մենք այս պահի դրությամբ իրավունք ունենք գտնվելու մեր թատրոնի տարածքում, ստեղծագործելու այնքան ժամանակ, մինչև դատարանից կունենանք հստակ որոշում։ Օրենքի հստակ կետը խախտում է Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը»,- դատախազության դիմաց լրագրողներին ասել է «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը։

Նա նշել է, որ իրենք գրություն են ուղարկել դատախազություն։

«Ուզում ենք հասկանալ՝ ինչ փուլում է մեր գործը։ Դատարաններում փորձում են լղոզել մեր պատմությունը, մեր պահանջը։ Կարևոր է արձանագրել՝ մեր պահանջը ոչ քաղաքական է, ոչ անձնական ամբիցիաների բավարման խնդիր է։ Մեր խնդիրը պարզ է՝ ունենք 35 տարվա գործող թատրոն, ուզում են հանրությանը զրկել 35 տարվա պատմություն ունեցող թատրոնից»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարության հետ բանակցություններին, դերասանն ասել է. «Նախարար Ժաննա Անդրեասյանը շատ լավ սկսեց պատկերացնել, թե մեր ընդվզումն իրենց որոշման հետ կապված որտեղ է, բանակցությունների արդյունքում եկանք այն հայտարարին, ստացանք բանավոր խոստումներ, որ նախարարությունը, անձամբ տիկին նախարարը դեմ չէ տարածքը տրամադրվի արդեն մասնավոր թատրոն «Գոյ» ՍՊԸ-ին։ Եթե առաջ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը հայտարարում էր, որ ինքը որևէ կապ չունի այս որոշումների հետ, կառավարության, նախարարության տիրույթում է, այդ ամենն իրեն առաջարկել են, ինքն ասել է՝ դեմ չէ, բայց բանակցությունների ընթացքում եկանք ու հասանք մի տեղ, երբ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենը դեմ գնաց նախարարի առաջարկությանը, մեր խնդրանքներին, որ մենք մեր տարածքում ստեղծագործենք՝ պնդելով, թե այդ տարածքն իրեն ևս պետք է։ Նախարարը որևէ արձագանք չտվեց այս ամենին, փորձեցին մեզ համոզվել, նույն կոտրած տաշտակի առաջ մեզ կանգնեցնել։Մենք հասկացել ենք՝ տարածքից հեռացնելու խնդիր է դրված, որը փորձում են ի կատար ածել»։