2 նոյեմբերի 2024 - 16:22 AMT
Արամ Ա-ն` Օկամպոյին. Լծված ենք գերիների ազատ արձակման աշխատանքին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը ՄՔԴ նախկին նախագահ Լուիս Մորենո Օկամպոյի հետ հեռախոսազրույցում նշել է, որ լծված է Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման գործին։

Խոսակցության առանցքում եղել են նոյեմբերի 11-22–ը Բաքվում կայանալիք COP29 միջազգային համագումարի լույսի ներքո Արցախին առնչվող հարցերի հետապնդման աշխատանքները։

Օկամպոն ընդգծել է Կիլիկիո կաթողիկոսի կարևոր դերն այդ գործում՝ նկատի ունենալով նրա ունեցած միջազգային կապերը։

«Արամ Ա–ն, մեծապես գնահատելով դատախազ Օկամպոյի զորակցությունն Արցախի հայության իրավունքների պաշտպանության գործում, հայտնել է, որ ինքն արդեն վերջին շաբաթներին լուռ կերպով լծված է աշխատանքի՝ Արցախի հայության իրավունքների պաշտպանության և գերիների ազատ արձակման ուղղությամբ»,- նշվում է Կաթողիկոսության հաղորդագրության մեջ։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։