5 նոյեմբերի 2024 - 18:43 AMT
Լավրով․ ՌԴ–ն չի դրդում Երևանին ու Բաքվին հապճեպ խաղաղություն կնքել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ–ն չի դրդում Երևանին ու Բաքվին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել։

«Ողջունում ենք զգալի առաջընթացը, որը ձեռք է բերվել հայ–ադրբեջանական խաղաղ գործընթացի շրջանակում։ Հաշվի առնելով բազմամյա թշնամանքը, ռազմական գործողությունները, զոհերը երկու կողմից՝ հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի և Երևանի համար առաջընթացի հասնել կարգավորման գործում»,–ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ այդ ամենը ոչ միայն զգալի ջանքեր է պահանջում կողմերից փոխընդունելի լուծումներ գտնելու համար, այլև՝ ժամանակ։

«Այդ պատճառով, ի տարբերություն արևմտյան կեղծ միջնորդների, չենք դրդում գործընկերներին հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել»,–ասել է նա։

Ըստ Լավրովի, ռուսական կողմը վստահ է, որ «շուտափույթ խաղաղությունը, առանց հաշվի առնելու Բաքվի ու Երևանի դիրքորոշումների ամբողջ համակարգը ու «հողի» վրա առկա իրողությունները, ոչ մի լավ բանի չի բերի։ Հակառակը՝ լարվածության և հակամարտության պոտենցալ սրացման լրացուցիչ ռիսկեր կստեղծի»։

«Ռուսաստանը շահագրգռված է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատվի»,–ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նորանշանակ դեսպանների, այդ թվում ՀՀ և Ադրբեջանի դեսպանների հետ հանդիպմանը, ասել է, որ հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողոսվում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն օգտակար խոսակցություն են ունեցել։

«Չեմ կարող գոհունակություն չհայտնել, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ–ի հարթակից և օգտակար խոսակցություն ունեցան սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են կայուն խաղաղությանն ու ազգամիջյան հաշտությանը տարածաշրջանում»,–ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։