Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրվելու առթիվ հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունները գրանցել են աննախադեպ առաջընթաց:
Նա հույս է հայտնել, որ ՀՀ և ԱՄՆ–ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
«Մեծարգո պարոն Թրամփ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ համաշխարհային դերակատարության ամրապնդմանը:
Անցած տարիների ընթացքում ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների պատմական բարեկամության, ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, գրանցել են աննախադեպ առաջընթաց: Անշուշտ, այդ գործընթացում դեր ունի նաև ամերիկահայ համայնքը։
Բարձր եմ գնահատում մեր երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը Հարավային Կովկասում ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղության և կայունության հաստատման, Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային սպառնալիքների կանխարգելման գործում:
Մեր բազմաշերտ օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության զարգացումը, ինչպես նաև առկա զգալի ներուժի լիարժեք օգտագործումը: Այս կապակցությամբ ուրախ եմ արձանագրել այն համատեղ ջանքերը, որոնք ուղղված են խթանելու Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությունը: Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն, և կշարունակենք արձանագրել նորանոր ձեռքբերումներ՝ իրագործելով ռազմավարական գործընկերության մակարդակին հասնելու մեր տեսլականը:
Մեծարգո պարոն նախագահ, լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցային ուղիների ապաշրջափակման պարագայում, որի վերաբերյալ ՀՀ Կառավարության առաջարկներն ամբողջացած են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:
Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով՝ մաղթելով քաջառողջություն, հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի բարօրության և առաջընթացի»:
Փաշինյանը շնորհավորել էր Թրամփին նաև X սոցցանցի միջոցով։
Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ու բռնի տեղահանման ենթարկվեցին Արցախում։ Երբ դառնամ [ԱՄՆ] նախագահ, կպաշտպանեմ հալածվող քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել էր Թրամփը: