6 նոյեմբերի 2024 - 18:45 AMT
Գերմանիայի դատարանը նախադեպային որոշում է կայացրել․ Արցախահայերը քաղաքացիություն չունեն

Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը որոշում է ընդունել, որով արցախցիներին համարում է քաղաքացիություն չունեցող անձինք։ Ընդունված որոշման մեջ ասվում է, որ նրանք չեն կարող վերադառնալ Արցախ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա լինելը։ Այս որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։

Արցախցիների բռնի տեղահանումից հետո Արցախի շատ հայեր բնակություն հաստատեցին Հայաստանից դուրս, այդ թվում՝ Գերմանիայում։ Գերմանական դատարաններում փախստականի կարգավիճակ ստանալու համար բազմաթիվ դիմումներ կային։

Սա նախադեպային որոշում է, որի ընդունման գործընթացում կարևոր դեր է ունեցել Հայ-գերմանական իրավաբանների միությունը, մասնավորապես՝ վարչության անդամ, փաստաբան Քրիստիան Մխիթարյանը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն ասել է, որ այս որոշումը նախադեպային է այն առումով, որ առաջին անգամ հաստատվել է այն հանգամանքը, որ արցախցիները քաղաքացիություն չունեցող անձինք են և չեն կարող վերադառնալ Արցախ, քանի որ իրենց կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում՝ հաշվի առնելով հայերի նկատմամբ Ադրբեջանի ճնշումները։

«Այս որոշումը կարող է օգտագործվել միջազգային տարբեր ատյաններում։ Ճիշտ է՝ այն ազգային դատական համակարգում ընդունված որոշում է, բայց սա խճանկարի մի մասնիկն է, որը կարելի է հետագայում ավելի մեծ ատյաններում օգտագործել՝ հայերի նկատմամբ ռասայական խտրականությունը ապացուցելու համար։ Սա շատ կարևոր ձեռքբերում և փաստագրում է»,–ասել է նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես ստացվեց, որ Գերմանիան, չճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նման որոշում կայացրեց, ապա այստեղ իրավական խնդիր չկա։ Նշվում է, որ արցախահայերը Ադրբեջանի քաղաքացի չեն, և չնայած Ադրբեջանի հավաստիացումներին, որ նրանք ունեն ՀՀ քաղաքացիություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վկայակոչել է Հայաստանի մոտեցումը՝ արցախցիների անձնագրերի 070 կոդը միայն ճամփորդելու հնարավորություն է տալիս։

«Այս որոշումը նրանով է նաև կարևոր, որ շուտով լինելու է Արդարադատության միջազգային դատարանի՝ ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը՝ Ադրբեջանի ներկայացրած առարկությունների վերաբերյալ։ Կարևոր է, որ դատարանին ինչ-որ ձևով հասանելի լինի Գերմանիայի դատական համակարգի փաստագրումը,–

Բնական է, որ այս նախադեպը ազդեցություն է ունենալու նաև այլ գործերի վրա, այսինքն՝ մնացած դատական գործընթացներում դատավորները հաշվի են առնելու այս նախադեպը։ Նաև Գերմանիայի մնացած հողերի դատավորներն են պարտավոր իրենց գործերը քննելիս հաշվի առնել այս որոշումը։

Սա կարող է հանգեցնել նման որոշումների կայացման եվրոպական այլ երկրներում ևս։ Գերմանական դատական համակարգը անաչառության համբավ ունի։ Այլ պետություններ իրենց գործերը քննելիս կարող են հաշվի առնել, որ Գերմանիայում նման որոշում է ընդունվել»,–ասվում է հրապարակման մեջ։

Արդարադատության միջազգային դատարանի նիստը տեղի կունենա 2024-ի նոյեմբերի 12-ին։ 2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ: