Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Բիշքեկում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում խոսել է անդամ երկրների միջև առևտրի զարգացման և Միջին միջանցքի «արդյունավետ օգտագործման» համար հատուկ ներկայացուցչի նշանակման նախապատրաստական աշխատանքների մասին։
«Միջին միջանցքի արդյունավետ օգտագործման համար, որը կնպաստի Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների միջև առևտրի զարգացմանը, Շուշիում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը առաջարկ էր արել նշանակել հատուկ ներկայացուցիչ։ Ցանկանում եմ ասել, որ այս պաշտոնի համար մենք արդեն ունենք թեկնածու»,–ասել է նա, հայտնում է Ermenihaber-ը։
Էրդողանը ասել է նաև, թե «խաղաղության և կայունության դռները բացվել են Հարավային Կովկասում 30 տարվա հակամարտությունից և անկայունությունից հետո»։
Այնուհետև անդրադառնալով Արցախի օկուպացիային՝ այն որակել է Ադրբեջանի պատմական ձեռքերում և հույս հայտնել, որ այդ «ձեռքբերումները» կամրագրվեն սեղանի վրա՝ հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։