Սոբհանին` ՀՀ-Իրան-Հնդկաստան երթուղու մասին․ «Հանդիպման պայմանավորվածություն կա»

Սոբհանին` ՀՀ-Իրան-Հնդկաստան երթուղու մասին․ «Հանդիպման պայմանավորվածություն կա»

PanARMENIAN.Net - Հնդկաստան-Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու գործարկման հարցով եռակողմ հանդիպում կազմակերպելու հստակ պայմանավորվածություն կա, և դա բխում է երեք երկրի ժողովուրդների շահերից։ Այդ մասին Կապանում «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագրով փորձագիտական եռօրյա համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Կա պայմանավորվածություն, բայց պետք է աշխատենք ժամկետների ուղղությամբ»,- ասել է դեսպանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը ծրագրում են առևտրային երթուղի գործարկել իրանական «Չաբահար» նավահանգստի մասնակցությամբ, և երեք երկրների ներկայացուցիչների եռակողմ հանդիպում է նախատեսվում Իրանում։

Սոբհանին նշել է, որ ոչինչ չի խանգարում նախագծի իրականացմանը։ Նրա խոսքով` այս տրանսպորտային միջանցքում Հայաստանը դիտարկվում է որպես Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող օղակ։

Այդ երթուղով նախատեսվում է Պարսից ծոցի երկրներից ու Հնդկաստանից բեռնափոխադրումներ իրականացնել դեպի ԵՄ և ԵԱՏՄ։ Այսպես բեռները հնդկական «Մումբայ» նավահանգստից կարող են առաքվել «Չաբահար» նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային ճանապարհով` Հայաստան (կա՛մ ավտոմոբիլային ճանապարհով, կա՛մ երկաթուղով), այնուհետև Վրաստան, այնտեղից՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ Ռուսաստան (ծովային նավահանգիստների կամ Վերին Լարսի անցակետով)։

Հայաստանով անցնող ճանապարհը կարևոր է Իրանի և Հնդկաստանի համար, որոնք ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց ապրանքների մատակարարումները։

 Ուշագրավ
---