7 նոյեմբերի 2024 - 14:31 AMT
Դեմոյան. Հրազդանի կիրճում էքսկավատորով 300,000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան է ոչնչացվել

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ Հրազդանի կիրճում էքսկավատորով 300,000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան է ոչնչացվել։

Նա նաև գրել է, որ վտանգի տակ է 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ, որը, հավանաբար, ևս կքանդվի։

«Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300,000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր: Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել:

Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի: Ավելի լավ է չտեսնեք դրա գեղագիտական անատոմիան, այլապես քաղաքապետարանի շենքի վրա հանգիստ կարելի է գրել Անատոմիկում -2։ Ասածս ի՞նչ ա, սիրելի երևանցիներ:

Ասենք Ժաննա Անդրեասյանն իր տեղում չի, հնագետները ենթարկվում են ազգագրագետներին, բա են թավշուկներ սպասարկող իրավապաշտպանները, առաջադեմ ֆեմինիստուհիներն ու նորաթուխ լրագրող-վերլուծաբանները չեն կարող Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ կանգնեն ձորի պռնկին ու մի լավ ցույց անեն: Ես էլ տեսնեմ իմ պատշգամբից ու սիրտս մի քիչ հովանա: Պեղումներ սկսեք այ…, հետո Ձեր ճաշակները հանձնեք բետոնին»,–ասվում է գրառման մեջ։