Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կմեկնարկի նոյեմբերի 9–ին

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կմեկնարկի նոյեմբերի 9–ին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9–ին կմեկնարկի հանրակրթական դպրոցների ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման գործընթացը: Այդ մասին ասուլիսում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա նշել է, որ կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի առաջին անգամ իրականացվելու է էլեկտրոնային ձևաչափով։

«Էլեկտրոնային ձևաչափի անցնելու նպատակը նախ ժամանակի տնտեսումն է։ Հարցումները ցույց են տալիս, որ ուսուցիչները 20-30 րոպե կորցնում են միայն պատասխանները ձևաթղթում անցկացնելու ժամանակ։ Էլեկտրոնային ձևաչափը հնարավորություն է տալիս հենց տեղում նշել պատասխանը, ընդ որում, ուզում եմ ասել, որ կա պատասխանները պահպանելու կոճակ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող են վերադառնալ և շտկել, եթե դրա կարիքն ունեն»-ասել է նախարարի տեղակալը, հայտնում է Արմենպրեսը։

Թեստը համարվում է ամփոփված, երբ սեղմվում է ավարտել կոճակը։ Ուսուցիչներին թեստի համար տրվելու է նույնքան ժամանակ, որքան նախորդ տարի էր, ավելին՝ այնպես է արվել, որ 3 ժամը լրանալուց հետո համակարգն ավտոմատ չփակվի։ Եթե ուսուցիչը հավելյալ 10 կամ 15 րոպեի կարիք ունենա, ապա այդ հնարավորությունը կտրվի։ Թե քանի հարցի է ճիշտ պատասխանել, ուսուցիչը կարող է իմանալ ավարտել կոճակը սեղմելուց անմիջապես հետո։

«Էլեկտրոնային համակարգը պատրաստ է, այս ընթացքում ուսուցիչներին այն փորձարկելու հնարավորություն ևս տրվել է։ Համակարգը բավականին պարզ է, ընդամենը պետք է ընտրեն ճիշտ կամ սխալ պատասխաններ կամ որոշ դեպքերում թվեր լրացնեն։ Ամեն դեպքում տեղում՝ քննական կենտրոններում, աշխատողները պատրաստ կլինեն տեխնիկական աջակցություն տրամադրել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասել է Սվաջյանը։

Գործընթացը մեկնարկում է նոյեմբերի 9-ից և ավարտվելու է նոյեմբերի 24-ին։ Երևանում ու մարզերում 35 քննական կենտրոններն արդեն պատրաստ են՝ հագեցած անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար գրանցվել է 5620 աշխատող ուսուցիչ, 572 չաշխատող անձինք, որոնց թվում են նախնական և միջին մասնագիտական հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժները։

Թեստերի առաջադրանքների 60 տոկոսը հաղթահարելու դեպքում դրույքաչափի փոփոխություն է տեղի ունենում, և ուսուցիչներն ունենում են 200 հազար դրամ աշխատավարձ։ Հաջորդիվ, արդյունքների համաձայն, համապատասխանաբար լինում է աշխատավարձի բարձրացում 30, 40, 50 տոկոսի չափով։ Համատեղության պահով ևս ուսուցիչներն օգտվում են այս հնարավորությունից։ Կամավոր ատեստավորման արդյունքները շարունակում են գործել 5 տարի։ Արդեն կան 3800-ից ավելի ուսուցիչներ, որոնք հաղթահարել են կամավոր ատեստավորման անհրաժեշտ շեմը։ Նրանց մեծ մասը ստանում է հավելավճար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---