7 նոյեմբերի 2024 - 18:33 AMT
ՔՊ-ականներն առաջարկում են փոփոխել օրհներգը՝ վերջին քառյակը տեղափոխելով միջնամաս

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը առաջարկում են «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարել, մասնավորապես, առաջարկում են օրհներգի վերջին քառատողը տեղափոխել տեքստի միջնամաս` 1–ին քառյակից հետո։

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը դրված է պաշտոնապես շրջանառության մեջ, նստաշրջանի օրակարգում դեռևս ընդգրկված չէ, հայտնում է Panorama.am-ը։

Նպատակահարմար է համարվում նաև փոփոխություն կատարել ՀՀ օրհներգի տեքստի մեջ, այն վերադասավորել այնպես, որ ավարտվի հետևալ քառատնով՝

«Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։

Նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ օրհներգը որոշ միջոցառումների ժամանակ հնչել է նշված տարբերակով և հավանության է արժանացել հանրության շրջանակների կողմից:

Կարգավորումը նպատակ ունի սահմանել և հրապարակել ՀՀ օրհներգի պաշտոնական և առանձին դեպքերի համար նախատեսված տարբերակը, որոշակիացնել դեպքերը օրհներգի ամբողջական և կարճ խմբագրությամբ օգտագործվելու համար»։