Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Այդ մասին հայտարարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։
«Քաղաքացիական պայմանագիրը» ավագանու առաջիկա նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին
Հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամ հրաժարական է տվել, որի արդյունքում մեծամասնություն է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Վերջին օրերին ծագած իրավական պրոցեսներին մեզ համար անհասկանալիորեն հաջորդեց «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամների մանդատները վայր դնելը, ինչի շնորհիվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գործող ավագանու կազմում փաստացի դարձավ մեծամասնություն։ Ոմանք, շահարկելով այս փաստը, անհաջող փորձեր են անում իրավական գործընթացներին քաղաքական նրբերանգներ տալու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Գյումրիում իշխանազավթման մեջ մեղադրելու համար։
Թեև այս պահին գործող ավագանու կազմում «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն է, բայց գործող ավագանին չի արտացոլում 2021-ին ձեր կատարած քվեարկության արդյունքները` ինչպես նաեւ հաշվի առնելով քաղաքի կառավարումը բարձիթողի վիճակում չթողնելու, ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ եւ անցնցում հաղթահարելու անհրաժեշտությունը «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա ավագանու նիստում չի պատրաստվում առաջադրել քաղաքապետի թեկնածու կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին, և քանի որ առանց «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների ձայների ոչ ոք չի կարող համայնքապետ ընտրել՝ Գյումրիում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ, քանի որ Գյումրիում որոշողը գյումրեցին է»,–ասվում է հայտարարության մեջ։
2021–ի ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել էր 5 ուժ, բայց ավագանու 33 տեղերի կեսից ավելին՝ 17 մանդատ, որևէ ուժ չէր ստացել և արդյունքում ՔՊ–ն ու «Բալասանյան» դաշինքը համագործակցության հուշագիր էին ստորագրել։