ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծերի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի հարցի շուրջ բավական թեժ, բուռն քննարկում է եղել, բայց դեռևս լուծում չկա:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է հրավիրել՝ քննարկելու «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
«Շատ կարևոր եմ համարում, որ ԱԺ լսումների մասնակցիներն իրենց դիրքորոշումը հայտնեն այս հարցերի վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը պատասխանել է, որ այս հարցի վերաբերյալ ծավալուն քննարկում եղել է։
«Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքների հետ կապված ձեզ բերվել են այն բոլոր հակափաստարկները՝ և իրավական, և խնդիրների, և Արցախի մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու առումով չվնասելու վերաբերյալ, որոնք այստեղ լրացուցիչ քննարկման կարիքը չունեն։ Այդուհանդերձ, ձեր կողմից գրավոր ներկայացրած առաջարկները ուշի-ուշով կուսումնասիրենք»,–ասել է նա։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։