Տնային կալանքի մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կարող է տեսակցել նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի գլխավորությամբ, բավարարել է Աշոտյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ հոգևոր խնամատարության շրջանակներում թույլ տալ սրբազանի պարբերական այցելությունները։
Դատարանի որոշմամբ՝ Աշոտյանի հետ կարող են տեսակցել միայն ԱԺ գործող պատգամավորները, մերձավոր ազգականները, պաշտպանները։
Իր խոսքում Աշոտյանը նշել է, որ իր համար վաղուց որպես խոստովանահայր և հոգևոր ներկայացուցիչ ընտրել է Արշակ սրբազանին, գրում է Sputnik Արմենիան։
«Երբ «Նուբարաշենում» էի, էլի էի խնդրում, որ գար, հենց նա այցելեր, որովհետև հոգևոր պրակտիկան պահանջում է նաև հոգևոր սպասավորի ներկայություն. չես կարող պարզապես ինքդ քեզանով հավատալ Աստծուն, լինել քրիստոնյա, եթե չկան այդ հոգևոր ծեսերը, օրինակ՝ հաղորդություն ստանալը և այլն»,- նշել է Աշոտյանը։
Դատավորը նշել է, որ անձի ազաատության որոշակի սահմանափակումը չի նշանակում, որ պետությունը սահմանափակում է անձի մտքի, խղճի և կրոնի ազատությունը, որը երաշխավորված է նաև ՀՀ Սահմանադրության 41-րդ հոդվածով։
Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսի 16–ին։ Սեպտեմբերի 28–ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը մերժել է վերաքննիչ բողոքները և նրան թողեց կալանքի տակ։ Նոյեմբերի 16-ին նույն դատավորի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի պաշտպանների բողոքը մերժվեց, և նրա նկատմամբ կիրառված կալանքը մնաց անփոփոխ։
Աշոտյանը և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը: