Ադրբեջանի ճնշման հետևանքով Հորդանանը հետ է կանչել հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որն այդ երկրի կինոհանձնաժողովն ընտրել էր «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:
Deadline-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը գրել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով վերանայել ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու համար, գրում է Panorama.am-ը։
Ամերիկյան կինոակադեմիայի աղբյուրները հաստատել են, որ Հորդանանը հետ է կանչել «Տունս քաղցր ա» ֆիլմը:
Ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին Deadline-ին ասել են. «Սա շատ կործանարար նորություն է մեր թիմի համար, որ արգելվել, հետևաբար լռեցրել են երեխային պատմելու իր պատմությունը իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին: Որպես վավերագրական ֆիլմերի հեղինակներ, այս գրաքննությունը ստիպում է մեզ էլ ավելի ակտիվ կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությունով, որն արտացոլում է այսօր ամբողջ աշխարհում անթիվ երեխաների փորձությունները, ովքեր արժանի են երազել ազատորեն՝ առանց պատերազմի և հակամարտության սպառնալիքի»:
Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանի պատճառով Արցախին առնչվող ֆիլմը հանվում է փառատոնից կամ մրցանակաբաշխությունից։ Ավելի վաղ Տատյանա Սպիվակովայի «Այն ամենն, ինչ ինձ պետք է» ֆիլմն էր հանվել Մարոկկոյի փառատոնից։
«Տունս քաղցր ա» ֆիլմի կենտրոնում 11-ամյա Վրեժն է, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում` և երազում ատամնաբույժ դառնալ։ Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում է ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների դեմ:
Ֆիլմն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնում։