Նոյեմբերի 11–ին Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը՝ COP29-ը, որը կոչված է քննարկելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի լավագույն լուծումները:
COP29 գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 100 պետությունների ու կառավարությունների ղեկավարներ, փոխնախագահներ, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, սակայն առանց առանցքային երկրների ղեկավարների։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին իր երկրում իշխող կոալիցիայի փլուզման պատճառով։ Շոլցը համալրել է այն երկրների ցանկը, որոնց ղեկավարները չեն մասնակցելու միջոցառմանը, որոնց թվում են՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու դա Սիլվան, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միջոցառմանը հրավիրվել էր նաև հայկական կողմը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել ՀՀ մասնակցությունը, «բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը»։ Մամուլում որոշ հրապարակումներ եղան, որ Միրզոյանը որոշակի պայմաններով պատրաստ է մեկնել Բաքու՝ հավանաբար, գերիներին ազատելու։
Խոսելով գերիների հարցը այդ գագաթնաժողովում բարձրացնելու մասին՝ ԱԳ նախարարն ասել էր, թե գերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը Հայաստանի մշտական քննարկման ու թիվ մեկ առաջանհերթություններից մեկն է։
Պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի, Արցախ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի ե Լեոն Մնացականյանի ապօրինի կալանքի ժամկետը։ Նրանք բոլորը ձերբակալվել են 2023-ի սեպտեմբերի վերջին՝ Արցախից ՀՀ անցնելու ժամանակ, երբ ԱՀ-ն հայաթափվեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։
Եվրախորհրդարանը վերջերս ընդունած բանաձևում խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին պահանջելով ազատ արձակել քաղաքական հայացքների պատճառով կալանավորվածներին, դադարեցնել բռնաճնշումների բոլոր ձևերը, ինչպես նաև զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Բանաձևն արցախահայերի բռնի տեղահանումն ուղղակիորեն կոչում է էթնիկ զտում:
COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։
Ավստրալական Democracy for Sale կազմակերպությունը հետաքննություն է հրապարակել, որում ասվում է, որ Ադրբեջանը 4.7 միլիոն դոլար է վճարել Teneo միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ «օգնելու Ադրբեջանի ավտորիտար վարչակարգին բարելավել իր իմիջը ՄԱԿ-ի COP կլիմայական գագաթնաժողովից առաջ»:
Իրավապաշտպան կառույցները, միջազգային լրատվամիջոցները, բազմաթիվ քաղաքական գործիչներ տարակուսանք են հայտնել միջոցառումը Բաքվում անցկացնելու կապակցությամբ։ Ըստ նրանց՝ ինչպե՞ս կարող են մի պետության վստահել այդպիսի գագաթնաժողովի անցկացումը, որի ղեկավարությունն էթնիկ զտման է ենթարկել Արցախը, հետապնդում է ընդդիմադիրներին, երկրում փակում է լրատվամիջոցները, սահմանափակում խոսքի ազատությունը։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ նշելով որ Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակն ավելի է վատթարացել այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին այն հայտարարվել է COP29-ի հյուրընկալող երկիր՝2024–ին իշխանությունները հետապնդել են ավելի քան մեկ տասնյակ ակտիվիստների և լրագրողների, լռեցրել կլիմայական ճգնաժամի վերաբերյալ հիմնական ձայները
Transparency International-ի և Anti-Corruption Data Collective-ի համատեղ զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը Բաքվում կայանալիք COP29-ի գագաթնաժողովը կարող է օգտագործել որպես դիվանագիտական քողարկում՝ իր ներքին նավթային և գազային շահերն առաջ մղելու և հանածո վառելիքի նոր գործարքներն ապահովելու համար: Ադրբեջանում, բացի մարդու իրավունքների խնդիրներից, առկա են նաև բնապահպանական լրջագույն խնդիրներ։ Երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում հողի, օդի, ջրի աղտոտման դեմ, բայց երկրի իշխանությունները դրանց արձագանքում են բնակիչների նկատմամբ բռնությունների կիրառմամբ։
Իրավիճակից դժգոհ են նաև Ադրբեջանից դուրս բնակվող ընդդիմադիր ակտիվիստներն, ովքեր քաղաքական հալածանքների են ենթարկվել։ Բաքվում ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովի՝ COP29–ի անցկացման նախօրեին, ադրբեջանցի ակտիվիստները Գերմանիայում Stop COP29 ակցիա են իրականացրել՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա։ Նրանք նշել են, որ Ադրբեջանի բանտերում բազմաթիվ քաղբանտարկյալներ կան, մարդու իրավունքների վիճակը տագնապալի է, իսկ խոսքի ու հավաքների ազատությունը սահմանափակված է։
Ներկայումս ադրբեջանական բանտերում 347 քաղբանտարկյալ կա, որոնցից 30-ը լրագրող են։