Փաշինյան․ Պայմանագրի մնացած 2 հոդվածի վերաբերյալ առաջարկներն ուղարկել ենք Բաքվին

Փաշինյան․ Պայմանագրի մնացած 2 հոդվածի վերաբերյալ առաջարկներն ուղարկել ենք Բաքվին

PanARMENIAN.Net - Հայկական կողմը խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության պայմանագրի մնացած 2 հոդվածի վերաբերյալ մեր առաջարկները նոյեմբերի 11–ին փոխանցել ենք Ադրբեջանին»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ԱԺ–ում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ «սկսել են ավելի կառուցողական աշխատել»:

Միրզոյանը զգուշավոր լավատեսություն էր հայտնել` «Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»:

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Հայաստանը կվերադառնան խաղաղության պայմանագրի քննարկմանը դեկտեմբերին: Ըստ Հաջիևի, փաստաթղթի տեքստի հետ կապված կան որոշակի հարցեր։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը, բայց դա տեղի չունեցավ։ Ադրբեջանը մերժեց այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
---