Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում գործազրկությունը 2024 թվականի սեպտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14․9%-ով, ցուցանիշը կազմել է 0,8%: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Միության երկրների մեջ գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է՝ 13․8% ցուցանիշով: Հաջորդը Ղազախստանն է (4․7%), ապա Ղրղզստանը (4․1%), գրում է Sputnik Արմենիան։
Բելառուսում գործազուրկների թիվը կազմել է 2․9%, իսկ Ռուսաստանում՝ 2․6%:
Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներում գործազուրկների թիվը, որոնք 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գրանցված են զբաղվածության ծառայություններում, կազմել է 737․7 հազար մարդ։
Վիճակագրության խորհրդատվական կոմիտեի նիստում հաստատվել է անդամ երկրների հետ համաձայնեցված Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2021-2025 թվականների ծրագրի իրականացման 2025 թվականի գործողությունների պլանը, ինչպես նաև հավանության է արժանացել ԵՏՀ 2025 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրի նախագիծը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ-ում կայունացվել է գնաճը։ Սեպտեմբերի արդյունքներով՝ դրա մակարդակը Հայաստանում կազմել է 0.6%, Բելառուսում՝ 6.0%, Ղազախստանում՝ 8.3%, Ղրղզստանում՝ 4.9%, Ռուսաստանում՝ 8.6%: