Եվրախորհրդի կոմիտեն Բաքվին կոչ է արել պայմաններ ստեղծել Արցախից տեղահանվածների վերադարձի համար![]() 19 նոյեմբերի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմին կոչ է արել «քաղաքական, իրավական, գործնական պայմաններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու անարգել վերադարձի համար, ինչպես նաև հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով», հայտնում է «Ազատությունը»։ «Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական ու մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման ու փոփոխման մասին բոլոր մեղադրանքները»,- ասված է փաստաթղթում։ Եվրախորհրդի խորհրդատվական կոմիտեն ծավալուն զեկույցում բազմաթիվ դեպքեր է վկայակոչել՝ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա է Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակային հռետորաբանություն, որն անմիջական ազդում է էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա։ Պաշտոնական Բաքուն ի պատասխան անհիմն է որակել Եվրոպայի խորհրդի զեկույցում տեղ գտած պնդումները՝ հայտարարելով, թե Կոմիտեի կողմից կիրառվող մոտեցումը «լուրջ հարցեր է առաջացնում»։ «Խորհրդատվական կոմիտեի խտրական մոտեցումը, որը կենտրոնանում է հայկական էթնիկ խմբի վրա՝ անտեսելով մյուս էթնիկ խմբերը և չափից դուրս հենվելով անհայտ աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա՝ առանց համապատասխան օրինակներ բերելու, միանգամայն հստակ ցույց է տալիս նշված կոմիտեի կողմնակալ մոտեցումը»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում ե Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |