ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը:
Նա այդ մասին հայտնել է լրատվամիջոցների հետ զրույցում՝ նշելով, որ դեռ մի քանի օր էլ պետք է մտածի, գրում է «Հայկական ժամանակը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա: Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։ Աղազարյանը հաջորդ օրը հայտարարեց, որ որոշում կայացրել է, բայց այն կհրապարակի նոյեմբերի 25-ին:
Հոկտեմբերի 15–ին վիճաբանություն սկսվեց, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, իսկ վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, լուրեր էին շրջանառվում, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ Մի քանի օր անց Քյարամյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ում վարչապետը խնդրել էր հրաժարական տալ, հայտարարեց իր հրաժարականի մասին