26 նոյեմբերի 2024 - 11:00 AMT
Լեհաստանի նախագահը Երևանում կքննարկի ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Մեկնարկել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան։ Նա կհանդիպի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, օրվա երկրորդ կեսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է լինելու։ Այդ մասին ասել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը, հայտնում է «Ազատությունը»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ այն շուտով կավարտվի», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պավլակը։

Նա ընդգծել է, որ երկու շաբաթ առաջ Դուդան Բաքվում մասնակցել է COP29 համաժողովին, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և խաղաղության գործընթացը։

«Այժմ հայկական կողմի հետ խոսելու ժամանակն է», - ասել է նախարարը՝ չմանրամասնելով ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած զրույցները։

Ընդգծելով, որ հունվարից Լեհաստանն է նախագահելու ԵՄ Խորհրդում՝ Պավլակը շեշտել է, որ ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է:

«Հայաստանը չի ձգտում անդամակցել ԵՄ-ին, սակայն վերջին տարիներին շատ ավելի բաց է դարձել Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցության համար, և Լեհաստանի նախագահությունը կամրապնդի այդ միտումը», - նշել է նախարարը։

Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։ Դուդան նոյեմբերի 26–ին կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, նոյեմբերի 27-ին կլինի Երասխում՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։

2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, Ադրբեջանը պարբերաբար քննադատում է անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։ Եվրամիությունը դեռ չի հստակեցրել՝ ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակեն մնալ այստեղ, թե ոչ։