Աղազարայն․ Ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը

Աղազարայն․ Ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել է, որ մերժում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքն ու վայր չի դնի պատգամավորական մանդատը։ Նա հավելել է, որ դա իր կյանքի ծանրագույն որոշումն է եղել, հայտնում է 24news.am-ը։

Իր հիմնավորումները պատգամավորը նախընտրել է ընթերցել։

«Խոր ափսոսանքով եմ հայտնում, որ պետք է մերժեմ վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար, ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են նաև սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը.

1.ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով։ Այդ միջադեպքի առիթով նախձեռնված է քրեական վարույթ։

2.Քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Հետևաբար, եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում՝ այս վարույթների ավարտի պարագայում պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ գործարքի»,-հայտարարել է նա։

Նա հավելել է, որ եթե վարույթներից գոնե մեկով պարզվի, որ ինքը մեղավոր է, ապա իրեն կզրկեն մանդատից։

Աղազարյանն ասել է, որ, վստահաբար, իր որոշումը լավ չի ընդունվելու խմբակցությունում և չի բացառել, որ խմբակցությունից իրեն հեռացնելու հարց քննարկվի։ Միևնույն ժամանակ, պատգամավորն ասել է, որ իր այս որոշումից հետո Գլխավոր դատախազը կարող է մտնել խորհրդարան ու առաջարկել իրեն զրկել անձեռնմխելիությունից։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը հերքել էր «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը՝ հայտարարելով, որ Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել ու չի ճնշել ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է վայր դնել մանդատը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ եթերում, խոսելով պաշտոնանկությունների մասին, հայտնել էր, որ մանդատները դնելու խնդրանքով դիմել է նաև ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին և հույս ունի, որ խնդրանքն անարձագանք չի մնա: Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։ Աղազարյանը հաջորդ օրը հայտարարեց, որ որոշում կայացրել է, բայց այն կհրապարակի նոյեմբերի 25-ին:

Հոկտեմբերի 15–ին վիճաբանություն սկսվեց, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին, իսկ վերջինս պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի որդու հետ կապված քրեական գործով։ Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվեց քրեական վարույթ, լուրեր էին շրջանառվում, որ Աղազարյանը շուտով վայր կդնի մանդատը։ Մի քանի օր անց Քյարամյանը, ի թիվս այլ պաշտոնյաների, ում վարչապետը խնդրել էր հրաժարական տալ, հայտարարեց իր հրաժարականի մասին:

 Ուշագրավ
---