2 դեկտեմբերի 2024 - 17:45 AMT
Վրաստանում վերջին օրերին ավելի քան 200 ցուցարար է բերման ենթարկվել, տուժել է 113 ոստիկան

Վրաստանում արդեն 4 օր շարունակվում են բողոքի ցույցերը, որոնց բռնկման պատճառ է դարձել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը, թե Վրաստանը դադարեցնում է ԵՄ–ին անդամակցելու շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը։

Դեկտեմբերի 1–ին ոստիկանությունը նախապես փակել էր Թբիլիսիի Ռուսթավելու պողոտան, սակայն դա չի խանգարել մարդկանց հավաքվել։ Բողոքի ակցիաներ են ընթանում նաև Բաթումում։ Ոստիկանությունն ընդհանուր առմամբ ավելի քան 200 մարդու է բերման ենթարկել, իսկ վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ թույլ չի տա «Վրաստանի ուկրաինացում», հայտնում է BBC-ն։

Հատուկջոկատայիններին հաջողվել է ազատել ցուցարարներից խորհրդարանի հարակից հրապարակը՝ կիրառվել են ջրցաններ և արցունքաբեր գազ։ Ցուցարարների թիվը վերջին օրերին հասնում է տասնյակ հազարների։

Առաջին շարքերում կանգնած ցուցարարները շարունակում են ուժայինների ուղղությամբ պայթուցիկներ և դյուրավառ նյութեր նետել։

Վերջին 4 օրում ձերբակալված ցուցարարներին մեղադրում են ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության մեջ։ Նշվում է, որ տուժել է 113 ոստիկան, գրում է Deutsche Welle-ն։

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և գույք հրկիզելու մեղադրանքով ձերբակալված 2 երիտասարդի մինչև 7 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Բալթիայի երկրները՝ Էստոնիան․ Լատվիան, Լիտվան պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել այն անձանց դեմ, որոնք մեղսակից են Վրաստանում ցուցարարներին ցրելուն։ Այդ մասին հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցախկնան։

Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028թ․ և որ ԵՄ–ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը օգտագործվում է Վրաստանի դեմ շանտաժի համար, ինչպես դա տեղի է ունեցել նաև թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրման դեպքում։ Նա հավելել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինետգրումից՝ նշելով, որ Թբիլիսին կկատարի բոլոր ստանձնած պարտավորություններն առանց ԵՄ ֆինանսական աջակցության։ Կոբախիձեի հրապարակած որոշումը բողոքի ալիք է բարձրացրել երկրում՝ ցույցեր են տեղի ունեցել Թբիլիսիում, Քութաիսում, Բաթումում։ Ցույցերը շարունակվում են մինչ օրս։

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դադարեցնում է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, քանի որ Վրաստանի իշխանությունները խախտել են դրա գլխավոր սկզբունքները։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Վաշինգտոնը դատապարտել է ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ, որոնք «ձգտում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից»։

Photo. Reuters