3 դեկտեմբերի 2024 - 18:12 AMT
Նախագիծ․ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում 150,000 դրամ պետտուրք կսահմանվի

Կառավարությունն ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար սահմանված պետական տուրքի չափերը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Առաջարկում ենք շնորհման համար ներկայիս 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար դրամ պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն 150 հազար դրամ պետական տուրք»,-ասել Ղազարյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հաշվի են առել ոչ միայն միջազգային փորձը, այլ նաև այս տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճը և այս ծառայության մատուցման վրա ծախսվող գումարների փոփոխությունը:Ներկայումս քաղաքացիության հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով: Առաջարկվում է քաղաքացիության գործերի վարման համար ունենալ միասնական էլեկտրոնային համակարգ: Սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից մեկ անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը:

Պետական տուրքի մասին օրենքով սահմանված՝ քաղաքացիության շնորհման և դադարեցման հետ կապված տուրքի սահմանաչափերը չեն փոփոխվել 1997 թվականից ի վեր: